Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասեում ամերիկյան դեսպանատան հարեւանությամբ բողոքի զանգվածային ցույց է ընթացել, որն ավարտվել է ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների դրոշներն այրելով: 

Ըստ լրատվամիջոցների` ոստիկանները չեն խոչընդոտել զայրացած բոլիվիացիների երթին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի եւ Պորտուգալիայի պետական դրոշներն այրելուն: Երթի մասնակիցները ԱՄՆ-ի դեսպանատան պատին են նետել նաեւ բռնկվող նյութեր եւ հակաամերիկյան կոչեր հնչեցրել: Ընդ որում, դեսպանատան դռները փակ են եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ավելի վաղ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը լատինաամերիկյան մի շարք երկրների առաջնորդների հետ արտակարգ հանդիպման ընթացքում նախազգուշացրել էր, որ  կարող է փակել ԱՄՆ-ի դեսպանատունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի` Մոսկվայից մեկնած օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Վիեննայի օդանավակայանում, քանի որ Ֆրանսիան, Իսպանիան եւ Պորտուգալիան փակել էին իրենց օդային տարածքը: Նախագահի օդանավում փնտրում էին ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին: