Հուլիսի 9-ին Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դալիճում կայացել է Սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Ծրագրի երրորդ փուլին մասնակցում է շուրջ 170 պատանի եւ աղջիկ Ռուսաստանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Իսրայելից եւ Բելառուսից:
Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ շնորհակալական խոսքեր ուղղել մասնակիցների ծնողներին, ովքեր լսել են ՀՀ սփյուռքի նախարարության կանչը եւ վստահ իրենց զավակներին ուղարկել Հայաստան: «Մենք անսահման շնորհակալ ենք նաեւ մեր հյուրընկալ ընտանիքներին, ովքեր 10 օր շարունակ պահում եւ հոգ են տանում օտար ափերից Հայրենիք ժամանած պատանիներին եւ աղջիկներին», - ընդգծել է ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով. «Շնորհակալ ենք հատկապես Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզպետարաններին եւ Երեւանի վարչական շրջաններին, որոնք սիրով իրենց դռներն են բացում մեր մասնակիցների առաջ»:
Տիկին Հակոբյանը նշել է նաեւ, որ մասնակիցների համար կազմակերպվել են մայրենիի դասընթացներ. «Հաջորդ ուրբաթ մենք կհանդիպենք եւ կտեսնենք, թե Ձեզանից ով՝ որքան է հայերեն սովորել»:
Այնուհետեւ մասնակիցներին ողջունել է Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:
Ելույթներով հանդես են եկել Վրաստանի, ԱՄՆ-ի Իսրայելի, Գերմանիայի ներկայացուցիչները, իսկ մասնակիցներից ոմանց՝ Հայրենիքում կնքվելու ցանկությունն անմիջապես գտավ իր դրական արձագանքը: ՀՀ սփյուռքի նախարարն առաջարկել է Խոր Վիրապում կնքել բոլոր ցանկացողներին:




























