Երեւանի փողոցներում եւ բակային տարածքներում տնկված ծաղիկների քանակը պարբերաբար լրացվում եւ թարմացվում է:  Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 9-ին, քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման նկատմամբ: Պարտավորությունները չկատարած 105 տնտեսվարող  նախորդ շաբաթ ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Հանձնարարվել է բոլոր ջրային կառույցներում մշտական հսկողություն իրականացնել երեխաների լողալը հնարավորին արգելելու եւ սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:

Կոմունալ տնեսության վարչության պետը զեկուցել է, որ  բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ, շարունակվում են հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների տեղադրման աշխատանքները:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ, համաձայն ծրագրի, առաջնահերթության կարգով նորերով են փոխարինվում վթարված հենասյուները:  Ընդհանուր առմամբ, մինչ օրս մայրաքաղաքում փոխարինվել է 298 հենասյուն: