Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ հուլիսի 9-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Մոնտեյրոն իր գործունեությամբ կանի ամեն հնարավորը՝ արդարացնելու երկու բարեկամ ժողովուրդների եւ նաեւ Բրազիլիայի նախագահի վստահությունը՝ եւս մեկ աստիճանով բարձրացնելով երկկողմ հարաբերությունների մակարդակն ու ամրապնդելու փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված հայ-բրազիլական կապերը:

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ իր եւ ՀՀ պետական բոլոր մարմինների կողմից աջակցության պատրաստակամության համար եւ վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը՝ նպաստելու երկկողմ կապերի սերտացմանն ու փոխգործակցության խորացմանը:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը եւ ակտիվ համագործակցությունը ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: