Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին նախորդ շաբաթ մասնակցել է 155 քաղաքացի: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 9-ին, քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ եւ համապատասխան լուծումներ, իսկ ընթացքում գտնվող հարցերի նկատմամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, շարունակական հսկողություն է սահմանվել:
Անդրադառնալով թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում եւ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է համապատասխանաբար 110 եւ 168 հեռախոսազանգ: Հեռախոսազանգերի միջոցով բարձրացված ընդհանուր առմամբ 191 հարցի համապատասխան լուծում է տրվել, 87-ն էլ ընթացքի մեջ է:





























