Հայաստանն օրինակելի երկիր է ՓՄՁ-ների եւ կանանց ձեռնարկատիրության ծրագրերի գերազանց իրականացման առումով, ինչի համար արժանացել է ԱԶԲ-ի բաժնետերերի բարձր գնահատականին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, Երեւանում,  Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Քսիաո Ժաոն:

«Բավական մեծ ճանապարհ ենք անցել միասին. ընդլայնում ենք մեր համագործակցության ոլորտները, փորձում ենք խթանել մասնավոր բիզնեսի զարգացումը, ինչպես նաեւ առաջ ենք տանում մեր հիմնական` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», - ողջույնի խոսքում նշել է վարչապետ Սարգսյանը եւ շնորհակալություն հայտնել ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար: Կառավարության ղեկավարը կարեւորել է, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործարար համաժողովի անցկացումը` մասնավոր հատվածին մեր երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար:

ԱԶԲ փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի ու ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարների հետ հանդիպումների վերաբերյալ: Նա տեղեկացրել է նաեւ, որ այցելել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի իրականացման վայրեր եւ ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱԶԲ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, արծարծվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին, տեխնիկական աջակցության տրամադրմանը եւ խորհրդատվական ծառայությունների մատուցմանը վերաբերող մի շարք հարցեր::

Քսիաո Ժաոն նշել է, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռված է հարաբերությունների շարունակակության հարցում եւ պատրաստ է անել ավելին` երկրում ներդրումային միջավայրը բարելավելու եւ լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար: