Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործարքը մեծացնում է Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի շփման գծում պատերազմի վերսկսման հավանականությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ի մամուլի ասուլիսում, հայտնել է Երեւանում ՀՅ Դաշնակցության միջազգային բյուրոյի քարտուղարության տնօրեն Կիրո Մանոյանը:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելը, ըստ Մանոյանի, չի հակասում հայ-ռուսական պայմանագրային հարաբերություններին: «Իրավական տեսակետից խախտում չի եղել, սակայն Ռուսաստանի պահվածքն այն չէ, ինչ սպասելի էր ռազմավարական դաշնակցից: Մասնագետները պնդում են, որ այդ գործարքը չի խախտել հայ եւ ադրբեջանական ուժերի հավասարակշռությունը: Մինչդեռ  Ադրբեջանի նման երկրին հարձակողական նման սպառազինում տրամադրելը մեծացնում է պատերազմի հավանականությունը»:

Ըստ քաղաքական գործչի՝ պատերազմի հավանականությունը մեծանում է, քանի որ  մեծանում է իրավիճակը փոխելու Ադրբեջանի գայթակղությունը: Սակայն դա չի նշանակում, որ Ադրբեջանն անմիջապես պատերազմական գործողությունների կդիմի: Այնինչ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը եւ սպառազինության համալրումը կարող են հանգեցնել պատերազմի վերսկսման: 

Մանոյանը նաեւ նշել է, որ  այդ գործարքը կատարելով՝ Ռուսաստանը տնտեսական շահեր է հետապնդել, ինչպես նաեւ լուծել է տարածաշրջանում ազդեցությունը պահպանելու խնդիրը: «Սակայն չպետք է դա կատարել մեր հաշվին: Հայաստանի իշխանությունների հրապարակային արձագանքն այդ քայլին բավարար չէր»: Ըստ Մանոյանի՝ Ռուսաստանը պետք է զգա, որ Հայաստանը, իր ժողովուրդը, իշխանությունը եւ քաղաքական ուժերը դժգոհ են նման պահվածքից:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am