Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով քաղաքապետի ուշադրությունն է հրավիրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որոշ դպրոցներում ուսուցիչների հանդեպ կատարվող ապօրինության մասին:
Նա իր նամակում մասնավորապես, նշել է, որ այս օրերին դպրոցների որոշ տնօրեններ, մասնավորապես թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն Ս.Սարգսյանը, դպրոցի բոլոր ուսուցիչներին մի ցուցակով 2 ամիս առաջ ծանուցում են իրենց կրճատման մասին՝ վկայակոչելով Աշխատանքային օրենսգիրքը:
Նա խնդրել է կանխել այս ապօրինի գործունեությունը, քանի որ ուսուցչի հետ կնքվող աշխատանքային պայմանագիրն անժամկետ է, դպրոցի մեթոդ-միավորումները նախնական դասաբաշխում են անում նախքան ուսուցիչների արձակուրդ գնալը եւ այն ներկայացնում տնօրենին: Այնուհետեւ ուսուցիչը պետք է ծանուցվի հաջորդ ուստարում ունենալիք ժամերի մասին: Եթե իսկապես ժամերի նվազման պատճառով դպրոցում պետք է այս կամ այն առարկայի ուսուցիչ կրճատվի, ապա ուսուցչի համար հրապարակայնորեն պետք է հիմնավորվի, թե ինչու հենց տվյալ ուսուցիչը պետք է կրճատվի: Այս ամենի մասին ուսուցիչները պետք է իմանան նախքան արձակուրդ գնալն ու դրանից հետո տնօրենը կրճատման մասին պետք է ծանուցի տվյալ ուսուցչին:
Այս ահազանգի մասին նամակներ են ուղարկվել նաեւ ՀՀ ԿԳՆ կրթության եւ Աշխատանքի պետական տեսչությունների պետերին:





























