Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելը չի անդրադառնա Հայաստանի՝ Եվրասիական միության հարցի շուրջ դիրքորոշման վրա: Այս մասին հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանում ՀՅ Դաշնակցության միջազգային քարտուղարության բյուրոյի տնօրեն Կիրո Մանոյանը:
Մանոյանի խոսքով՝ երկրի իշխանությունների հայտարարությունների համաձայն, Հայաստանից Եվրասիական միությանն անդամակցել չեն պահանջում. «Կան գործընթացներ, բանակցություններ են ընթանում, սակայն Հայաստանի առջեւ «կամ…կամ» ընտրություն դրված չէ: Ակնհայտ է, որ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Եվրասիական միության հետ կարելի է ազատ առեւտրի հասնել: Սակայն դրանից այն կողմ անցնել չի լինի, քանի որ կառույցներից որեւէ մեկի հետ մաքսային միությունը ոչ միայն բացառում է նմանատիպ մակ այլ միություն, այլեւ մեկ այլ կառույցի հետ ազատ առեւտրի հնարավորություն»: Նա հավելել է, որ տվյալ պահին Հայաստանը համաչափ է ընթանում երկու կառույցների հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Ի պատասխան այն հարցին, արդյոք Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործարքը կարող է անդրադառնալ Հայաստանի՝ ԵՄ եւ Եվրասիական միության միջեւ ընտրության վրա, Մանոյանն ընդգծել է, որ Հայաստանի համար մի շարք կարեւոր հարցեր կան, որոնք հստակ պատասխան են պահանջում, եթե դրվի Եվրասիական միությանը միանալու պահանջ. «այստեղ հատուկ կարեւորություն են ներկայացնում ազգային անվտանգությանը վերաբերող հարցերը, մասնավորապես, ղարաբաղյան խնդիրը: Այդ հարցերին հստակորեն պետք է պատասխանի այն երկիրը, որը Եվրասիական միությունում առանցքային դերակատարում ունի, որպեսզի Հայաստանը կարողանա կողմնորոշվի: Չեմ կարծում, որ զենքի հետ կապված այդ գործարքը ստիպի Հայաստանին կողմնորոշվել, թե որ միությանն անդամակցել: Սակայն դա կանդրադառնա ընդհանուր մտածողության վրա»:




























