Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մայրաքաղաքային պատգամավորների 110 ստորագրություն է հավաքել, որոնք անհրաժեշտ են Մոսկվայի քաղաքապետի թեկնածու գրանցվելու համար: Նավալնիին չբավականացնող ստորագրությունները տրամադրել է «Մոսկվայի համայնքային միությունների» ասոցիացիան:
Պարզվել է, որ Նավալնիի շտաբն ինքնուրույն կարողացել է հավաքել քաղաքապետարանի պատգամավորների ստորագրությունների մեծամասնությունը, իսկ ասոցիացիայից ընդունել է միայն չբավականացնող 49-ը, հայտնում է rbc-ն:
Ընդ որում, Նավալնին իր բլոգում ընդգծել է, որ ասոցիացիայում ստորագրություններն ընդունել են անկախ պատգամավորներից, թեեւ խոստովանել է, որ եղել են նաեւ «Եդինայա Ռոսիայի» անդամների ստորագրություններ:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը կոչ էր արել մայրաքաղաքի պատգամավորներին իրենց ստորագրություններով աջակցել Նավալնիին: Ըստ նրա՝ ընդդիմադրի օգտին շատ քիչ ստորագրություններ էին ստացվել, քանի որ «Մոսկվայի պատգամավորների շրջանում Նավալնիի մտքերին համամիտ շատ քչերը կան»:



























