«Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը նշանավորվեց Շառլ Ազնավուրի «Աստղի» բացմամբ իր իսկ անվան հրապարակում, որին հաջորդեց բացման արարողությունը եւ բացման` Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ «Կրակել դաշնակահարին» (ռեժ.` Ֆրանսուա Տրյուֆո) ֆիլմի ցուցադրությունը Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իրադարձություններին ներկա էր ինքը` լեգենդար շանսոնիեն: Փառատոնի բացման արարողության ընթացքում Ազնավուրին հանձնվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը:

Փառատոնային հաջորդ օրերին հատուկ միջոցառումների` հոբելյանական երեկոների եւ երեւանյան պրեմիերաների շրջանակներում համաշխարհային կինոյում վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակներ կհանձնվեն նաեւ Մարգարեթ ֆոն Թրոթային,                                                                                                                                                                      Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին եւ Յոս Ստելինգին: Իսկ անվանի ավստրիացի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ուլրիխ Զայդլը, ում «Դրախտ» եռապատումը կներկայացվի արտամրցութային ծրագրում, կարժանանա փառատոնի «Վարպետ» մրցանակին:

Ինչպես եւ նախորդ տարի, այս տարի եւս Մայթ Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որն այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին:

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:

Հասարակական կյանքի տարբեր ոլորտների՝ ներառյալ մշակույթի զարգացմանն ուղղված իր երկարաժամկետ առաքելությանը հավատարիմ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնին վերաբերում է որպես երկրի միջազգային վարկանիշը բարձրացնելու, հայության մշակութային ժառանգությունն ու առաքելությունը՝ կինոարվեստի հարուստ լեզվով ներկայացնելու արդյունավետ միջոցի: «Ոսկե ծիրան»-ին հաջողվում է իրականացնել վերընշվածը՝ միջազգային փառատոնին վայել բարձր մակարդակով:

«Ոսկե ծիրան»-ի մյուս առաքելությունն ազգային կինոյին թարմ շունչ հաղորդելն է: Հայկական կինոն պետք է շարունակի զարգանալ ու նաեւ ապրի աշխարհի հոգսերով, աշխարհի հետ միասին՝ որպես համաշխարհային կինոյի մի մաս: «Ոսկե ծիրան»-ը թույլ է տալիս երկխոսել ժամանակակից աշխարհի հետ, շոշափել ժամանակի միտումները, նոր համաշխարհային երանգներ բերել հայկական կինեմատոգրաֆ՝ շրջադարձ կատարելով դեպի ժամանակակից անհատը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի համոզմամբ, մեզ` հայերիս, կինոն պետք է, որպեսզի մենք կարողանանք ամրապնդել մեր տեղն աշխարհի «մշակութային» քարտեզի վրա եւ միաժամանակ՝ կարողանանք դիմակայել գլոբալ մշակութային մարտահրավերներին՝ պահպանելով մեր մշակութային ինքնությունը: Մրցակցային հայկական կինոն հնարավորություն կտա վճռականորեն ընդարձակել այդ ինքնության ազդեցությունը:

«Յուրաքանչյուր նախագիծ որոշակի փուլեր է անցնում մտքից ծրագիր դառնալու ճանապարհին: Այդպիսին է նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Եթե փորձենք պատկերավոր նկարագրել այն, ապա կարող ենք փառատոնի ամբողջ ընթացքը նմանեցնել մի կինոնկարի ստեղծման պատմության: Տասը տարի առաջ «Ոսկե ծիրանում» իշխում էր հուզականությունը. կար նպատակ եւ այն իրականացնելու երազանք: Մարտահրավերներով լի էր երկրորդ փուլը. գործողությունները զարգանում էին արագ, ինչպես action ֆիլմերում: Հարկավոր էր միջազգային հարթակում ներկայացնել մի երկիր, որը թեեւ դժվար նկատելի է քարտեզի վրա իր զբաղեցրած տարածքով, սակայն մշակութային բազմադարյա պատմություն ունի: Սա արդեն  համատեղ իրականացված ծրագրի երրորդ փուլն է, որը նման է վավերագրական ֆիլմի: Տասնամյա ճանապարհի վավերագրողը կինոարվեստի սիրահարներն են: Հաճելի կինոդիտում եմ մաղթում բոլորին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Փառատոնի պաշտոնական բացման արարողության ընթացքում Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց «Ոսկե ծիրան» երեւանյան փառատոնի 10-ամյակին նվիրված ոսկե մեդալ:

Արդեն երրորդ տարին է, որ փառատոնի շրջանակներում կներկայացվի «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրը, որ կներկայացնի ԱՊՀ երկրների` վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը, այս անգամ կկայանա Գյումրիում, որն ԱՊՀ երկու այլ պետությունների քաղաքների հետ մեկտեղ ճանաչվել է որպես 2013թ. մշակութային մայրաքաղաք: Ցուցադրությունների ծրագրում ընդգրկված է 19 ֆիլմ, որից 1-ը` վավերագրական, 9-ը` խաղարկային եւ 6-ը` կարճամետրաժ: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում եւ կներկայացնի Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Վրաստանի եւ Հայաստանի ֆիլմեր:

Փառատոնի ծրագիրը կներկայացնի նաեւ «Վրացական կինոյի շաբաթ»-ը, որի շրջանակներում կներկայացվի վրաց անվանի կինոռեժիսոր Ռեզո Չխեիձեի ֆիլմերի ընտրանին` հետահայաց ցուցադրություններ ծրագրում: Իսկ Գեորգի Դանելիայի անչափ սիրված «Միմինո» կատակերգությունը, կսկսի ցուցադրությունների իր ճամփորդությունը` ներկայացվելով նախ Երեւանում եւ Գյումրիում, եւ ապա` տարվա ընթացքում Վրաստանի եւ Հայաստանի այլ քաղաքներում` նշելով ֆիլմի ստեղծման 35-ամյա հոբելյանը: Նշենք նաեւ, որ ծրագրի շրջանակներում  փառատոնը Երեւանում կհյուրընկալի ռեժիսորի տիկնոջը` Գալինա Դանելիային: Կներկայացվեն նաեւ վերջին տարիների վրացական լավագույն ֆիլմերից:

Այս տարի փառատոնի շրջանակներում կկայանա նաեւ «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը` Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության եւ «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ: Ծրագրում կներկայացվեն ռուսաստանյան արտադրության ֆիլմեր` այդ թվում նաեւ Սոչիի «Կինոտավր» փառատոնի մի քանի հաղթող ֆիլմ: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը մեզ չի բաժանել» ֆիլմի ցուցադրությամբ: 

Այս տարի եւս փառատոնի հետ համագործակցում է Բրիտանական խորհուրդը` հատուկ մրցանակ սահմանելով կարճամետրաժ ֆիլմի համար:

Արտամրցութային ծրագրերում այս տարի ընդգրկված է նաեւ նոր «Հայացք ներսից եւ դրսից» ծրագիրը, որտեղ կներկայացվեն հայաստանյան արտադրության, ինչպես նաեւ Հայաստանի մասին օտարազգի հեղինակների կողմից նախորդ տարում ստեղծված ֆիլմեր: Ծրագիրը կընթանա Մալյան թատրոնում:

Կարեւոր է նշել նաեւ, որ ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ եւս փառատոնի պատվավոր հյուրերից մի քանիսը պատրաստակամ եղան վարպետության դասեր անցկացնել Երեւանում: Մասնավորապես`  հուլիսի 8-12-ը «Նաիրի» կինոթատրոնում դասեր կանցկացնեն անվանի կինոգործիչներ, Մարգարեթե ֆոն Թրոթան, Պավել Ֆիննը, Թուե Սթին Մյուլլերը, Յոս Ստելինգը եւ Գոդֆրի Ռեջիոն, ով համաձայնել է երիտասարդների հետ հանդիպում ունենալ նաեւ ԹՈՒՄՈ կենտրոնում:

Փառատոնը կամփոփվի Սերժ Ավետիքյանի եւ Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով, որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Վրաստանի համատեղ արտադրություն է: Ի սկզբանե մշակվելով եւ զարգացվելով ուկրաինացի ռեժիսոր, սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Օլենա Ֆետիսովայի կողմից` ֆիլմն իրականացվել է ֆրանսահայ կինոգործիչ Սերժ Ավետիքյանի հետ համատեղ ռեժիսորությամբ, ով նաեւ հանդես է գալիս ֆիլմի գլխավոր դերում: Պատմելով Փարաջանովի կյանքի ամենաուշագրավ իրադարձությունների եւ ստեղծագործությունների մասին` ֆիլմը Փարաջանովի արտասովոր աշխարհայացքի գունեղ մեկնաբանությունն է: Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի փակման հանդիսավոր արարողությունը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: