Եգիպտոսում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Բոթսանլըին կանչել են երկրի ԱԳՆ եւ բանավոր զգուշացում արել թուրքական իշխանությունների հայտարարությունների կապակցությամբ:
Թուրքական NTV-ի հետ հեռախոսազրույցում Եգիպտոսում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Բոթսանլըն հաստատել է, որ իրեն կանչել են Եգիպտոսի ԱԳՆ եւ զգուշացում արել: Դեսպանը նշել է, թե եգիպտական իշխանությունները անհանգստացան են թուրքական իշխանությունների պահվածքից եւ կոչ են արել Թուրքիային անկողմնակալություն պահպանել:
Նշենք, որ Եգիպտոսում զինվորական միջամտությամբ նախագահի պաշտոնից Մուրսիի հեռանալուց հետո թուրքական իշխանությունները հանդես եկան եգիպտական զինվորականների դեմ քննադատական հայտարարություններով: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խիստ քննադատության ենթարկելով Եգիպտոսի զինվորական վերնախավին, պանանջել էր նախագահի պաշտոնում վերականգնել Մուրսիին:




























