Ինձ համար սպասելի էր նշանակումը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը:

«Ես 3 անգամ մաժորիտար համակարգով ընտրված պատգամավոր եմ, սկզբից Գորիսի տարածաշրջանից, այնուհետ՝ Կապանի տարածաշրջանից, այդ պատճառով ծանոթ եմ Սյունիքի հիմնախնդիրներին, իմ աշխատանքի ընթացքում փորձել ենք այդ հիմնախնդիրները հասցնել խորհրդարան»,- ասաց Վ. Հակոբյանը:

Հարցին, թե ճիշտ է՞ արդյոք, որ իր թեկնածությունը ՀՀ նախագահի մոտ առաջարկել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Վ. Հակոբյանն ասաց, որ դրանից տեղյակ չէ, ու չի կարծում, որ Ս. Խաչատրյանը նման բան է ասել մամուլին:

Լրագրողները նաեւ հարցրեցին, թե ինչպես է՞ վերաբերում հոր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի այն հայտարարությանը, թե տղային տեսնում է նախագահի պաշտոնում, Վ. Հակոբյանն ասաց. «Իմ հայրն արդյունաբերության լավագույն հրամանատարներից մեկն է, պետության առաջին հարկատուն: Ծնող-որդի հարաբերության մեջ, ցանկացած ծնողի համար իր որդու հաջողությունները ուրախալի են»:

Սյունիքում վախի մթնոլորտ ստեղծելու մասին էլ Վ. Հակոբյանը հայտարարեց, թե սյունեցիներին վախեցնելը հեշտ չէ, քանի որ պատերազմած, հաղթանակած ժողովուրդ են, ու ոչ մի վախի մթնոլորտ էլ չկա: