Հայաստանում կոսմետիկայի ստուգումների տեխկարգավորումը բացակայում է: Այս մասին հուլիսի 10-ին լրագրողներին է հայտնել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով, դրա պատճառով Էկոնոմիկայի նախարարությանը կից Որակի տեսչությունն այդ ապրանքները չի ստուգում:
«Անհասկանալի է, թե ինչու համապատասխան պետական մարմինը չի մշակում այնպիսի տեխռեգլամենտ` չնայած որ այդ լիազորությունն ունի»,-նկատել է Պիպոյանը: Հայաստանում իրացվող կոսմետիկ քսուքների 50-60 տոկոսի վրա բացակայում է հայերեն մակնշումը: «Զարմանալի է եւ այն, որ ֆիրմային խանութներում վաճառվող ապրանքը ունի նման մակնշում: Հետեւաբար, ներկրողները հայկական մակնշումն ընտրողաբար են պատվիրում` միայն այն խմբաքանակի համար, որը վաճառվելու է ֆիրմային խանութներում: Իսկ միեւնույն ապրանքը վաճառող փոքրիկ խանութները նրանք անուշադրության են մատնում»,-ասել է Պիպոյանը:
Մանրածախ ստուգումների ընթացքում կարգավորման բացակայությունը, ինչպես նաեւ մի քանի տարի առաջ սահմանին ստուգումների իրականացման արգելքը էապես նվազեցրել է ապրանքների այս խմբի նկատմամբ վերահսկողությունը: «Դրանից հետո չի կարելի վստահորեն խոսել, թե որքանով են այս կամ այն կոսմետիկ միջոցներն անվտանգ առողջության համար»,-ընդգծել է Պիպոյանը:
Նա հավելել է, որ կասկածների անուղղակի ապացույց կարող է հանդիսանալ գինը. Կազմակերպության հետազոտությունների համաձայն` այն կոսմետիկան, որը Եվրոպայում է, անգամ ամենաէժան ակցիայի ժամանակ վաճառվում է առնվազն 20 եվրոյով, իսկ Հայաստանում կարող է արժենալ 15: «Իրավիճակն անընդունելի է, հաշվի առնելով, որ մեր երկիրը կեղծիքների ստուգման լաբորատոր հնարավորություններ ունի»,-եզրափակել է Պիպոյանը:





























