Աբխազ փախստականների պատճառով Թբիլիսին կարող է առանց Hilton հյուրանոցի մնալ: Թբիլիսիի կենտրոնում միջազգային հյուրանոցների ցանցի մասնաճյուղի շինարարության լիցենզիայի սեփականատեր Դավիթ Քոդուան Վրաստանի կառավարությանը մեղադրում է անգործության մեջ, որը կարող է հանգեցնել այդ նախագծի ձախողմանը:
Hilton-ը նախատեսվում է կառուցել նախկին «Սաքարթվելո» հյուրանոցի տեղում: Բայց դրա համար պահանջվում էր շենքն ազատել աբխազ փախստականներից:
Դավիթ Քոդուան, ըստ «Բիզնես Գռուզիայի», պատրաստ է տասը հազարական դոլար վճարել փախստական ընտանիքներին: Ըստ գործարարի՝ ամերիկյան կողմը համագործակցությունից կհրաժարվի, եթե հյուրանոցը չբացվի նշված ժամկետում (2015թ. սկիզբ):
Ստեղծված իրավիճակում Քոդուան մեղադրում է վրացական իշխանություններին՝ հայտարարելով, որ կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում սկսել փախստականների վերաբնակեցումը:
Փախստականների գործերով նախարար Դավիթ Դարախվելիձեն ի պատասխան հայտարարել է, որ երբ ոտնահարվում են ներդրողների շահերը, դա վատ է, բայց առավել վատ է այն, որ արդեն 4 տարի է ոտնահարվում են փախստականների շահերը, եւ կառավարությունը նրանց ոչ մի դեպքում փողոցում չի թողնի, գրում է «Գռուզիա- Online»-ը:





























