Հայկական բիզնեսը չպետք է անհիմն գնաճ արձանագրի` գազի թանկացման պատրվակով: Նման կարծիք հուլիսի 10-ին լրագրողներին հայտնել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով` դրա համար հանրային սեկտորի ներկայացուցիչները, մամուլը եւ տնտեսագետները պետք է համատեղ ջանքերով քաղաքացիներին հասցնեն տեղեկություններ այն մասին, թե որքանով է արդարացված այս կամ այն թանկացումը:

«Ուսումնասիրելու ենք ապրանքների հիմնական տեսակների գների ձեւավորումը, դրանց պատրաստման համար ծախսված էներգիայի քանակը, այդ թվում` սպառողական ապրանքներն ու տրանսպորտով երթեւեկելը: Այստեղից էլ հետեւություններ կանենք»,-ասել է Պիպոյանը: NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, որ չվերահսկվող քաշով ապրանքը, առաջին հերթին հացը, ավելի դժվար կլինի վերահսկել, Պիպոյանը նկատել է. «Այդ դեպքում արտադրողը պետք է պահանջի օժանդակ փաստաթղթեր` հացի յուրաքանչյուր խմբաքանակի համար` թե ինչ ալյուրից եւ ինչ քաշով է այն պատրաստվել»:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից Հայաստանում գազի սակագինն էապես աճել է: