Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մշտապես մեծ հարգանքով է վերաբերվել եւ վերաբերվում ավանդական կուսակցություններին՝ շեշտելով, որ դրանք ազգային հարստություն են: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը` անդրադառնալով ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, թե վարչապետը պատերազմ է հայտարարել ՀՅԴ-ին:

«Նախ զարմացած ենք, թե ընդհանրապես ինչ պատերազմի մասին կարող է խոսք գնալ եւ ինչ ի նկատի ունի պարոն Մարգարյանը: Ինչ վերաբերում է ՀՅ Դաշնակցության ներքին զարգացումներին, ապա դրանք կուսակցության ներքին խնդիրներն են, եւ Տիգրան Սարգսյանը, հանդիսանալով Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, այլ կուսակցությունների խնդիրներով չի զբաղվում», - ասաց Հարություն Բերբերյանը:

Հիշեցնենք, որ ՀՅ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ասել է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց ասել է, որ պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը: Նրա խոսքով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում:

Նշենք, որ մամուլը գրել էր, թե Դաշնակցության ներսում լուրջ դժգոհություններ կան, մասնավորապես, որ փորձեր են արվում կուսակցության Բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացնել Հրանտ Մարգարյանին: