Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց ասել է, որ պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՅ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նրա խոսքերով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում:

Նշենք, որ մամուլը գրել էր, թե Դաշնակցության ներսում լուրջ դժգոհություններ կան, մասնավորապես, որ փորձեր են արվում կուսակցության Բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացնել Հրանտ Մարգարյանին:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք դաշնակցականները դժգոհում են իրենից, եւ իսկապե՞ս լուրջ խմորումներ են տեղի ունենում ավանդական կուսակցությունում, Հրանտ Մարգարյանը ասաց, որ իսկապես հարցեր եղել են, մասնավորապես՝ դժգոհություններ ընտրություններում Դաշնակցության գրանցած արդյունքներից, բայց դրանք արդեն լուծվել են, եւ այսօր որեւէ խնդիր չունեն:

Այն, ինչ մամուլում գրվում է, որեւէ առնչություն չունի իրականության հետ, դրանք դրսից գործադրվող ճիգեր են Դաշնակցության մեջ ճեղքեր գտնելու եւ խնդիրներ հարուցելու համար, վստահեցրեց Մարգարյանը՝ հավելելով, որ խոսքը տվյալ դեպքում վարչապետի մասին է:

«Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր տնտեսական ապիկար գործունեության պատճառով Դաշնակցության կողմից քննադատության ենթարկվելուց հետո բացեիբաց հայտարարել է, որ ինքը պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, եւ այս տեսակ կեղտոտ լրատվություն, կեղտոտ բամբասանքանման լրատվությունը իր գործն է»,  - ասաց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը եւ շարունակեց․ - «Մարդը, որ թույլ է, տկար է , այս միջոցներով է փորձում հարցեր լուծել»:

Առավել մանրամասն կարդացեք այստեղ