Երեկ Երեւանի Աբովյան փողոցում մեկնարկել է փոքրիկ, բայց շատ կարեւոր մի բիզնես-պրոյեկտի իրականացում։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «8-ից 11 տարեկան երեխաները՝ Րաֆֆին, Վանիկը, Ալբերտը, Արմենը, Դավիթը եւ Էլենը, սկսել են սառը թեյի եւ տնային պայմաններում պատրաստված լիմոնադի վաճառք։ Նույն տարածքում ապրող այս երեխաները մի փոքրիկ սեղանիկ են տեղադրել Երեւանի ամենաբանուկ փողոցներից մեկում եւ անցորդներին առաջարկում են իրենց պատրաստած սառը թեյն ու լիմոնադը՝ մեկ բաժակը 200 դրամով։ Երեխաները, որ, ինչպես պարզել է մեր թղթակիցը, ֆինանսապես ապահովված ընտանիքից են, հայտարարել են, թե այսկերպ իրենց ապագա բիզնեսի համար գումար են կուտակում։ Երեխաները մեր թղթակցի հետ զրույցում փոխանցել են, որ իրենց ծնողները դեմ չեն եղել իրենց նախաձեռնությանը։ Նախաձեռնողներից Ալբերտ Գյուրջյանը հայտարարել է, որ ուզում են ապացուցել, որ իրենք էլ կարող են փող աշխատել։
«Մենք բիզնես ենք անելու եւ պլանավորել ենք փող հավաքել, գնալ զովացուցիչ ըմպելիքներ պատրաստելու համար պարագաներ առնել, առաջնային պետք է «բլենդեր» առնենք, ու հետո, երբ մեր բիզնեսը զարգանա, «Զիգզագի» դիմաց աչքի տակ մի տեղ ունենք, այդ տեղը վարձելու ենք»,- մեր թղթակցին հայտնել է 10-ամյա Ալբերտը եւ ավելացրել, որ նախապես արդեն պայմանավորվել են՝ առաջին երեք ամսվա ընթացքում փող չստանալ. Հավաքած գումարն ընդհանուր ֆոնդին է գնալու. «Երեք ամսից նոր աշխատավարձ կստանանք՝ մոտավորապես օրը 500-1000 դրամ»։
Ու թեեւ երեխաները սպասարկելիս պլաստմասե բաժակներն իրարից առանձնացրել են ատամներով, իսկ պահանջված սառույցը թեյի կամ լիմոնադի մեջ լցրել են մատներով, երեկ օրվա առաջին կեսին արդեն նրանց բիզնեսը ծաղկում էր՝ շուրջ 5000 դրամի ըմպելիք էին վաճառել։ Այնպես որ, մեծերը մտածելու շատ բան ունեն. նրանք պետք է հասցնեն Րաֆֆիի, Վանիկի, Ալբերտի, Արմենի, Դավիթի եւ Էլենի մտքի թռիչքին համապատասխան բիզնես միջավայր, ազատ եւ ազնիվ մրցակցային հարաբերություններ հաստատել երկրում։ Ժամանակը շատ չէ՝ 10-15 տարի»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























