Ռուսաստանի Պահպանության դաշնային ծառայությունը 20 տպագրական մեքենաներ է գնում, որոնց ընդհանուր արժեքը 486.5 հազար ռուբլի է: Դրանք նախատեսված են գաղտնի փաստաթղթեր տպելու համար: Համապատասխան պատվերը հուլիսի 3-ից տեղադրվել է պետծառայությունների պորտալում:

Ինչպես հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը, վկայակոչելով կառույցի սեփական աղբյուրը, նման որոշում կազմակերպությունն ընդունել է Ռուսական երկաթուղու ղեկավար Վլադիմիր Յակունինի «պաշտոնաթողության» հետ կապված սկանդալից, ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենի բացահայտումներից եւ Լոնդոնում G20 գագաթաժողովի ժամանակ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին գաղտնալսելու վերաբերյալ հաղորդագրություններից հետո:

Պարբերականի զրուցակիցների խոսքով` ՌԴ մի շարք պետական կառույցներում որոշ փաստաթղթեր մինչ օրս ստեղծվում են ոչ էլեկտրոնային կրիչների վրա: ՊԴԾ կողմից տպագրական մեքենաներ գնելը նախատեսված է հենց գաղտնի փաստաթղթեր տպագրելու համար: