Հուլիսի 12-ին, ժամը 12-ին, Շիրակի մարզի Առափի համայնքում Հայկական Կարմիր խաչի ընկերությունն անցկացնելու է Համայնքային արձագանքման կամավորական 14 թիմերի առաջին մրցումը: Այն ղեկավարելու է Շիրակի մարզի փրկարարական վարչությունը:

Թիմերը կցուցադրեն իրենց գիտելիքներն ու հմտությունները եւ կիրականացնեն գետանցում ուժեղ հոսքի պայմաններում, օգնության կցուցաբերեն տուժածին, կանցնեն ԱՌՆ թեստավորում, պայմանական տուժածներին դուրս կբերեն փլատակից եւ վթարված ավտոմեքենայից: 

Միջոցառմանը ներկա կլինեն Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Համայնքային արձագանքման կամավորական թիմերի մրցումը լուսաբանելու համար բոլոր  լրագրողներին հրավիրում ենք  ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակ (Պարոնյան 21/1), որտեղից ժամը 10:00-ին միկրոավտոբուսը նրանց կտեղափոխի Շիրակ:

Նշենք, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2010թ.-ից ՀՀ Շիրակի մարզում իրականացնում է աղետների ռիսկի նվազեցման ոլորտում «Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում, այս տարիների ընթացքում, հնարավոր է դարձել Շիրակի մարզի 14 գյուղական համայնքներում ձեւավորել Համայնքային արձագանքման կամավորական թիմեր՝ Շիրակի փրկարարարական վարչության, մարզային եւ տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: Հիմնված թիմերի համար պարբերաբար անցկացվել են դասընթացներ, վերապատրաստումներ եւ ուսումնական խաղ - վարժանքներ, ինչպես նաեւ տրամադրվել է թիմային եւ անհատական գույք՝ արտակարգ իրավիճակի դեպքում օպերատիվ արձագանքում ապահովելու նպատակով: