Հուլիսի 10-ին. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հուլիսի 5-ին. ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ծնողներին՝ Աբրիկ Միսակի Լալազարյանին եւ Անահիտ Բագրատի Հայրապետյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարությունից:
Ընդունելությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Ա.Հարությունյանը եւ ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը: Պաշտպանության նախարարն իր ցավակցական խոսքն է հայտնել մահացած զինվորի ծնողներին եւ հավաստիացրել, որ ՊՆ քննչական ծառայության եւ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու, բազմակողմանի եւ լրիվ քննությամբ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար:
Ա.Լալազարյանը եւ Ա.Հայրապետյանը հայտնել են, որ վստահում են պաշտպանության նախարարին, ինչպես նաեւ ՊՆ իրավապահ մարմիններին եւ իրենք եւս կաջակցեն նախաքննությանը:
Հիշեցենք, որ հուլիսի 5-ին, ժամը 22:10-ի սահմաններում Հայաստանի ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվու:





























