Հայաստանի ՊՆ N զորամասում հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանը վերջին անգամ քեռու հետ է խոսել, հարցրել, թե ոնց են եւ ասել, որ բարեւի տանեցիներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գաբրիելի քեռին:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Գաբրիելին ուղարկված ծանրոցներում հիմնականում քաղցրավենիք են ուղարկել, իսկ տղայի մոտ հոգեկան խնդիրներ չեն նկատել: Գաբրիելի քեռին շատ քիչ էր խոսում եւ շրջանցում հարցերը՝ պատճառաբանելով, թե գործը առայժմ քննչականում է, այս պահին ավելին ասել չի կարող:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գաբրիել Լալազարյանի ծնողները Ռուսաստանում են տեղեկացել կատարվածի մասին եւ շտապել Հայաստան: Շաղատ գյուղի գյուղապետ Տիգրան Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Գաբրիելը մոտ 7 տարի է, ինչ ծնողների եւ 3 եղբայրների հետ գյուղից մեկնել էր Ռուսաստան բնակության, սակայն ամիսներ առաջ վերադարձել էր ծառայության անցնելու եւ հայրենիքին իր պարտքը տալու: Ընտանիքը ֆինանսական խնդիրներ չի ունեցել: Գաբրիելից առաջ մեծ եղբայրն է եկել ծառայել եւ գնացել, իսկ փոքր եղբայրը մեկ տարի հետո պետք է ծառայության գար:
Հիշեցենք, որ հուլիսի 5-ին, ժամը 22:10-ի սահմաններում Հայաստանի ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




























