Ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության պետ Կարեն Մակարյանի «Նիվա» մակնիշի մեքենան գողանալու մեջ կասկածվող երկու երիտասարդները կկալանավորվեն: NEWS.am-ի տեղեկություններով`28-ամյա Դավիթ Դալլաքյանին եւ 25-ամյա Արկադյա Հայրապետյանին մեղադրանք կառաջադրվի ՔՕ-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (գողություն):
Մեր տեղեկություններով` Կարեն Մակարյանը չի ճանաչում այդ երիտասարդներին, երբեւէ նրանց չի տեսել եւ նրանց հետ չի առնչվել: Իսկ այդ երիտասարդների` ԱԱԾ պետի մեքենան գողանալը, կապ չի ունեցել վերջինիս գործունեության հետ: 28-ամյա Դավիթ Դալլաքյանը եւ 25-ամյա Արկադյա Հայրապետյանը դեպքի օր հարբած դուրս են եկել գարեջրատնից, եւ փորձել են դրա դիմաց կայանած մեքենաների դռները բացել: Նրանց հաջողվել է բացել Կարեն Մակարյանի «Նիվա» մակնիշի մեքենայի դուռը, այդ պատճառով էլ հենց վերջինիս մեքենան են գողացել; Մեր տեղեկություններով` մեքենան դեռ չի վերադարձվել Արարատի ԱԱԾ-ի պետին, համարանիշներն էլ դեռ չեն գտնվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 9-ին ժամը 21.00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ավտոմեքենան փախցնելու կասկածանքով բերման են ենթարկվել 28-ամյա Դավիթ Դալլաքյանը եւ 25-ամյա Արկադյա Հայրապետյանը: Պարզվել է, որ հուլիսի 3-ին ժամը 02.00-ի սահմաններում նրանք, ավտոմեքենայի դռան փականը բացելով, Վեդի քաղաքի Թումանյան փողոցից փախցրել են այն եւ ապամոնտաժելու եւ դետալները վաճառելու նպատակով տարել են ԼՂՀ Ստեփանակերտ քաղաք:
Նշված ավտոմեքենան սարքին վիճակում` առանց համարանիշների, հայտնաբերվել է Ստեփանակերտում` գերեզմանոցին հարող հրապարակում: Մեքենայի համարանիշները հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ: 28-ամյա Դավիթ Դալլաքյանը եւ 25-ամյա Արկադյա Հայրապետյանը ձերբակալվել են: Մեր տեղեկություններով` նրանք երկուսն էլ ապրում են Գորիս քաղաքում:



























