Հայաստանը պետք է կառուցի ԵրՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը՝ իրանական գազով աշխատելու համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողներին հայտնել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա նշել է, որ երեւանի ՋԷԿ-ի աշխատանքի համար 2012թ. Հայաստանի ստացած 134,2 միլիոն խմ գազը 4 անգամ քիչ է Իրանի գազատարի թողունակության հզորությունից: «Երեւանի ՋԷԿ-ը իրանական գազը շատ ցածր գնով է ստանում: Դրանից պետք է օգտվել, հատկապես այժմ, երբ թանկացել է ռուսական գազը», – ասել է Սաֆարյանը: Ըստ նրա՝ պետք է հասնել ոչ միայն մատակարարումների ծավալի  աճի, այլեւ Հայաստանը դարձնել տարանցման երկիր:

Հիշեցնենք, որ Հայաստանն Իրանից գազ է ստանում Երեւանի ՋԷԿ-ի աշխատանքի համար՝ 1 խմ գազ՝ 3կվ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց:  Հաշվի առնելով Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայական արժեքը (12 դրամ միջին սակագինն է)՝ դա 3 անգամ  ցածր է այն սակագնից, որով սկսած հուլիսի 7-ից  գազ են սկսել ստանալ Հայաստանի սպառողները:  Ներկայումս Երեւանի ՋԷԿ-ում նոր էներգաբլոկ է գործում, որը շահագործման էր հանձնվել  2010 թ.: Հին էներգաբլոկի շահագործման կամ նորի շինարարության մասին հարցը էներգետիկայի նախարարության օրակարգում դեռ չկա: