Հուլիսի 1-ից նկատվում է հյութերի ու գարեջրի թանկացում: Հիմնական պատճառն այն է, որ տնտեսվարողները պարտավորվել են շշերի վրա դրոշմապիտակներ կպցնել: Դրոշմապիտակներն ինքնին գին չեն բարձրացնում, սակայն էապես կանխարգելում եմ ստվերային շրջանառությունը: Դրոշմավորված արտադրանքը ստիպված են օրինական գրանցել ու հարկեր վճարել, ինչն էլ արտադրանքի թանկացման պատճառ է դարձել: Ընդ որում` թանկացումներ էլի կլինեն, քանի որ որոշ ընկերություններ առայժմ կարողանում են պատճառաբանել դրոշմապիտակների բացակայությունը պահուստավորված խմբաքանակների պատրվակով: Սակայն 1-2 ամսից այդ պատճառաբանություններն այլեւս տեղին չեն լինի:
Քանի որ այդ շուկաներում գերիշխող դիրք գրավողներ կան, խնդիրը հայտնվել է նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ հուլիսի 7-ից հետո մոնիտորինգի արդյունքներով գնային փոփոխություններ են արձանագրվել գազավորված զովացուցիչ ըմպելիքների եւ գարեջրի շուկաներում: Գնաճը կազմում է մինչեւ 30 դրամ: Արձանագրվածի հիման վրա ՏՄՊՊՀ մասնագետները սկսել են իրականացնել վերոնշյալ շուկաների ուսումնասիրություն՝ գնային փոփոխության պատճառը պարզելու նպատակով:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ շուկաներում կան գերիշխող տնտեսվարողներ, մասնավորապես` գարեջրի շուկայում գերիշխող են «Երեւանի գարեջուր», «Գյումրի գարեջուր» եւ «Կոտայք» գարեջրի գործարան» ընկերությունները: Գերիշխող տնտեսվարողներ կան նաեւ հանքային ջրի շուկայում՝ «Ջերմուկ Գրուպ», «Ջերմուկ Մայր Գործարան» եւ «Բյուրակն»: Գազավորված ըմպելիքների շուկայում գերիշխող է «Կոկա Կոլա» ընկերությունը, որը զբաղեցնում է շուկայի 67,35 տոկոսը:





























