«Արայ» ընկերության նախկին սեփականատեր, ինքնասպանություն գործած Արմեն Պետրոսյանի մայրը` Կարինե Սուքիասյանը, հայցով դիմել է դատարան՝ թոռան խնամակալությունն ստանալու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարինե Սուքիասյանի փաստաբան Սամվել Դավթյանը: Նա նշեց, որ շարունակելու են պայքարել, որ երեխան վերադառնա տատիկի մոտ:
Արմեն Պետրոսյանի նախկին կնոջ՝ Տատյանա Չադենկովայի փաստաբան Նարինե Ռշտունին էլ նշեց, որ դա իր համար նորություն է: «Ես Երեւանում չեմ առաջիկայում կգամ կճշտեմ»,- ավելացրեց փաստաբանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2012-ի նոյեմբերի 20-ին, ժամը 23.10-ին Արմեն Պետրոսյանի այրին` Տատյանա Չադենկովան, 6-ամյա դստերը դատական կարգով վերցրել է սկեսուրից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Արմեն Պետրոսյանի մոր՝ Կարինե Սուքիասյանի, փաստաբան Սամվել Դավթյանը: Հիշեցենք, որ հոկտեմբերի 16-ին, Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել էր «Արայ»-ի սեփականատեր 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով: Նրա աջ ձեռքին` մատը ձգանին եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Իսկ վերջերս հայտնվեց մի տեսանյութ, որով կասկածի տակ դրվեց ինքնասպանության վարկածը եւ գործը փետրվարի 27-ին Կոտայքի քննչական բաժանմունքից տեղափոխվեց ոստիկանության գլխավոր քննչական վարչություն:





























