43- ամյա հարբած ուղեւորը՝ Գերասիմ Մ-ն դանակահարել է տաքսու վարորդին, ենթադրելով, որ վերջինս տարիներ առաջ դանակահարել է ընկերոջը: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 43-ամյա Գերասիմ Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլային հարբածության վիճակում, Սեւան քաղաք գնալու նպատակով նստել է Երեւանի Բագրատունյաց եւ Արշակունյաց փողոցների խաչմերուկում կայանած Ստեփան Ս-ի «Օպել վեկտրա» մակնիշի տաքսի ավտոմեքենա: Ընթացքում ենթադրելով, որ վերջինիս հանդիսանում է 2011 թվականի օգոստոսին Երեւանի «Շենգավիթ» մետրոյի կայարանի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իր ընկերոջը՝ Արսենին, դանակահարած անձը, նրան քշել է տվել Կոտայքի մարզի Պտղնիի հողամասերից մեկը, կանչել հողամասի տարածք եւ ամառանոցային տնակի մուտքի դռան դիմաց դանակով հարվածել տաքսու վարորդի կրծքավանդակին, աջ աճուկային շրջանին եւ աջ ազդրի վերին երրորդականի դրսային մակերեսին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնասվածք:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:



























