Հայաստանի ԳԱԱ  «Հիդրոմեխանիկայի եւ վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ –ն երկրի հյուսիսում հինգ հողմակայան կտեղադրի: Այս մասին NEWS.am-ին ասաց ընկերության տնօրեն Գուրգեն Ավետիսյանը: 2011թ-ին բաժինը փոքր հզորության (մինչեւ 40 կՎտ)  հողմակայնի նոր մոդել է մշակել: Վերջերս այն արտոնագրվել է Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականություն պաշտպանության գործակալությունում:

«Առաջին էլեկտրակայանն արդեն տեղադրել ենք Շիրակի մարզի Մայիսյան համայնքում, որտեղ նաեւ փոքր հէկ է գործում: Այնտեղ նախատեսում ենք եւս 4 հողմակայան տեղադրել»,-հայտարարեց Ավետիսյանը: Նոր կայանի կողմից էլեկտարէներգիայի արտադրության ծավալը դեռ գնահատված չէ. դրա համար հարկավոր է վերջնականապես ավարտել քամու մոնիտորինգը տարածքում:«Մենք հուսով ենք արդեն ամռան ավարտին էլեկտրաէներգիա տալ ցանցին:  Դրա համար պետք է լուծենք հողատարածքի հետ կապված մի շարք խնդիրներ, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովից  ստանալ կայանի շահագործման լիցենզիա»,-պարզաբանեց Ավետիսյանը: Դրանից հետո էլ նույն վայրում  կտեղադրվեն մյուս չորս կայանները: Ընկերությունը պատրաստվում է կայաններ թողարկել նաեւ հետագայում` ակնկալելով, որ մասնավոր հատվածում պահանջարկ կլինի:

Միաժամանակ գիտնականներին չի շփոթեցնում սակագինը` 35 դրամ  կվտ/ժամի դիմաց, ինչը, մյուս նախագծողների կարծիքով, չափազանց ցածր է: «Մեզ համար գլխավորը երկրին օգտակար լինելն է, ոչ թե պարզապես եկամուտ ստանալը: Բացի այդ, մի մոռացեք, որ այստեղ արտադրված կայաններն անհամեմատ ավելի էժան են, քան ներկրվածները: Դա էլ օգնում է  տնտեսել: Թող չզարմացնի նաեւ մեր կայանների հզորությունը: Էներգիայի ցանկացած պոտենցիալ աղբյուր, անգամ ոչ մեծ, պետք է օգտագործել եւ օգտագործել գրագետ, ոչ թե գիշատիչ կերպով»,-եզրափակեց Գ. Ավետիսյանը: