Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի կոչը ռազմական հեղաշրջման դեմ էր, ի պաշտպանություն «Մահմեդական եղբայրների», քանի որ արմատական իսլամիստների առակայությունը իշխանությունում ուժեղացնում է Կահիրեում Անկարայի ազդեցությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Փորձագետի խոսքով` Էրդողանը Եգիպտոսի Թահրիր հրապարակում հեղափոխության ժամանակ մեծ ժողովրդականություն էր վայելում: Թուրքիայի նորագույն պատմության մեջ ռազմական հեղաշրջումները մեծ հետք են թողել, սակայն  վերջին տարիներին Էրդողանը ջանքեր է ներդնում բանակի դիրքերի թուլացման ուղղությամբ` ռազմական հեղաշրջումներից խուսափելու համար. «Թուրքիայի պատմության մեջ բոլոր ռազմական հեղաշրջումներն իրականացվել են իսլամիստների դեմ եւ, հետեւաբար, Եգիպտոսում ռազմական հեղաշրջումը խորը հոգեբանական հետք է թողել Թուրքիայի ղեկավարության վրա, քանի որ բանակը տապալել է իսլամիստներին»:

Շաքարյանը նաեւ նշեց, որ դրա հետ միաժամանակ Էրդողանը կեղծավորություն է անում, քանի որ ուժեղ եւ կայուն Եգիպտոսը ձեռնտու չէ Անկարային, այն Իրանի հետ միշտ հակակշիռ է եղել Թուրքիային Մերձավոր Արեւելքում:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախագահ Մուրսիի տապալումից հետո թուրքական իշխանությունը հնդես էր եկել Եգիպտոսի բանակի գործողությունները դատապարտող հայտարարությամբ: