Թուրքիայի կրթական միությունը (TED) Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի որդուն ուսման ծախսերը 100 տոկոսով ծածկող կրթաթոշակ է հատկացնում։ Այս մասին գրել է թուրքական Sozcu պարբերականը։
Ըստ Sozcu պարբերականի՝ TED-ի կողմից հունիսի 28-ի որոշմամբ ուսման ծախսերը 100 տոկոսով ծածկող կրթաթոշակ է հատկացրել 5 աշակերտի, որոնց մեջ է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի որդին՝ Մեհմեդ Դավութօղլուն։
Նշվում է, որ հիշյալ կրթաթոշակը ստանալ ցանկացող աշակերտները պետք է համապատասխանեն 5 կետի. 1. Թուրքիայի քաղաքացի լինել, 2. շարունակել ուսումը 5,6,7,8,9 դասարաններում, 3. Առաջադիմություն, 4. խիստ կարիքավոր լինել, 5. այլ տեղերից կրթաթոշակ չստանալ։
Նշվում է, որ Դավութօղլուի որդին չի համապատասխանում 2 կետի՝ նա սովորում է 12-րդ դասարանում եւ խիստ կարիքավոր չէ։
Այս տեղեկությունից հետո Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է այս տեղեկությունը, պնդելով, թե Դավութօղլուն պարբերաբար վճարում է որդու ուսման համար։






























