ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն օրեր առաջ հայտարարեց Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտարարելու Կոնգրեսի մտադրությունների մասին: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. ««Ժամանակի» հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Նախկինում կարծիք էի հայտնել, որ հոկտեմբերին Սերժ Սարգսյանը կհրահրի ներքաղաքական ճգնաժամ, իմ այդ միտքն արդարացավ եւ հաստատվեց Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությամբ, որ իրենք մտադիր են Սերժ Սարգսյանի իմպիչմենթի գործընթացը սկսել Ազգային ժողովում, սակայն, ունենալով բոլոր անհրաժեշտ իրավաբանական հիմքերը՝ դա կանեն ոչ թե անմիջապես սեպտեմբերին, այլ ավելի ուշ: Հաշվի առնելով այն, որ մեր ներքաղաքական զարգացումները նմանվում են շախմատային խաղի, որտեղ Սերժ Սարգսյանը խաղում է եւ՛ սեւերով, եւ՛ սպիտակներով միաժամանակ, ապա համոզված եղեք, որ այդ ներքաղաքական սրացումների ժամանակը որոշելու է հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, եւ երեւի թե հասկանալով դա՝ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք կորոշեն, թե երբ սկսեն իմպիչմենթի գործընթացը:

Քաղաքագետը հավելեց, որ Հայաստանն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, խոստացել է ստորագրել Ասոցացման պայմանագիրը։ Եթե Սերժ Սարգսյանը չպատճառաբանված չստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ապա կարող է կորցնել նաեւ արտաքին լեգիտիմությունը, ինչը լուրջ մարտահրավեր է։ Դրա համար Սերժ Սարգսյանը ձգտելու է ստեղծել ալիբի, այդպիսի ալիբի կարող է լինել ներքաղաքական ճգնաժամը, զորօրինակ՝ խորհրդարանում նախագահի իմպիչմենթի գործընթացի սկիզբը: Եվ ահավասիկ, Լեւոն Զուրաբանն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել այդ հարցում Սերժ Սարգսյանին...»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):