Սեզոնային ալերգիաներից առավել տարծված են սեզոնային ալերգիկ ռինիտները, եւ ամբողջ աշխարհում բնակչության 15-30 տոկոսը տառապում է այս հիվանդությամբ: Հայաստանում էլ ազգաբնակչության 10 տոկոսը տառապում է ալերգիկ ռինիտով: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին հրավիրված ասուլիսին ասաց ալերգոլոգ-իմունոլոգ Արմինե Հակոբյանը՝ խոսելով սեզոնային ալերգիաներից, դրանց ախտորոշումից եւ բուժումից:
Սեզոնային ալերգիաներից բժիշկն առանձնացրեց նաեւ բրոնխիալ ասթման, որն այս եղանակներին սրվում է: «Ալերգիաները հիմնականում առաջանում են ծաղկափոշիներից եւ որոշ բորբոսասնկերից: Ընդամենը երեք տեսակի ծաղկափոշի կարող է առաջացնել ալերգիկ ռիմիտ: Դա ծառերի, խոտերի, մոլախոտերի եւ որոշ հացազգիների ծաղկափոշին է: Նույն պատճառներն էլ կարող են բերել բրոխիալ ասթմայի սրացմանը»,- ավելացրեց Արմինե Հակոբյանը: Նա առանձնացրեց նաեւ միջատային ալերգիաները, այսինքն` միջատների խայթոցից առաջացած սուր ալերգիկ ռեակցիաները: «Հիմնականում ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում մեղուների եւ իշամեղուների խայթոցից: Առաջին հերթին մեղուներն ու իշամեղուներն են: Բայց մեղուների խայթոցը ավելի վտանգավոր է»,- ավելացրեց ալերգոլոգ-իմունոլոգը: Նա խորհուրդ տվեց ալերգիկներին իրենց հետ ունենալ համապատասխան դեղամիջոց, խուսափել բաց տարածություններից եւ վառ գունային հագուստից, որվհետեւ դա գրավում է միջատներին, ինչպես նաեւ հագնել փակ շորեր: Ի դեպ, բժիշկը տեղեկացրեց, որ 5 -7 մարդ Հայաստանում տարեկան մահանում է միջատների խայթոցից: Իսկ ԱՄՆ-ում միջատի խայթոցից տարեկան 50 մարդ է մահանում:





























