Երեւանում ապամոնտաժվում են գովազդային այն վահանակներն ու գովազդային պաստառները, որոնք հակասում են գովազդի եւ լեզվի մասին ՀՀ օրենքների պահանջներին, ինչպես նաեւ Երեւանի ավագանու համապատասխան որոշումներին։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշում է, որ աշխատանքները խիստ կանոնակարգված են ընթանում, եւ խոչընդոտներից խուսափելու համար ապամոնտաժող աշխատանքային խմբերը տնտեսվարողներին նախապես են տեղեկացնում ապամոնտաժման օրն ու ժամը։
«Բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր ցանկություն են հայտնում, Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության աջակցությամբ տրամադրվում է անվճար խորհրդատվություն։ Տնտեսվարողներ կան, որ իրենց ուժերով են ապամոնտաժում օրենքի խախտումով իրենց վահանակները. դիզայներական աշխատանքներն ու խորհրդատվությունը նրանց տրամադրում ենք առաջնահերթությամբ»,- նշել է Արազ Բաղդասարյանը։
Մայրաքաղաքում գույքագրված, օրենքին չհամապատասխանող գովազդային միջոցները 3000-ն են եղել, որոնց մեծ մասը՝ 1300-ը, Կենտրոն վարչական շրջանում։ 12 վարչական շրջաններից 9-ում դրանց ապամոնտաժման աշխատանքներն ավարտվել են։
Գովազդի եւ լեզվի մասին օրենքներին չհամապատասխանող գույքագրված ցուցանակների ապամոնտաժումն ամբողջությամբ կավարտվի մինչեւ օգոստոսի 1-ը, ընդ որում, այս օրերին բոլոր վարչական շրջաններում զուգահեռաբար ընթանում են կրկնակի ստուգումները։





























