Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հեռահար ձեւով է տեղյակ իրեն կարգալույծ անելու նպատակով մեկնարկած ստորագրահավաքին եւ դա համարում է անպտղաբեր գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նավասարդ Կճոյանը: Ներկայացնում ենք նրա հետ մեր կարճ զրույցը:
Տեղյա՞կ եք ձեզ կարգալույծ անելու պահանջով մեկնարկած ստորագրահավաքի մասին:
Հեռահար ձեւով:
Ինչպե՞ս եք վերաբերում եւ մեկնաբանում այդ ամենը:
Ով մտածել է, թող նա էլ մեկնաբանի, մեկնաբանություն չունեմ, դա մեկնաբանելու թեմա չէ:
Մտահոգվելու, վախենալու առիթ ունե՞ք:
Իսկ դուք ունե՞ք:
Ոչ,ես չունեմ:
Ես էլ չունեմ:
Կարծում եք` ակցիայի կազմակերպիչները հաջողության կհասնե՞ն, որովհետեւ հայտնել էին, որ 2500 ստորագրություն կա այդ փաստաթղթի տակ:
Ես չպետք է խոսեմ այդ մասին:
Մեկնարկած ստորագրահավաքի եւ պահանջի հարցով խոսե՞լ եք Կաթողիկոսի հետ:
Չեմ խոսել:
Պատրաստվո՞ւմ եք խոսել նրա հետ:
Ինչի՞ համար խոսեմ:
Եթե այս բողոքի ալիքը զանգվածային դառնա, ի՞նչ եք պատրաստվում անել:
Քեզնից խորհուրդ կհարցնեմ:
Ես դժվար կարողանամ ձեզ ճիշտ խորհուրդ տալ, Սրբազան:
Դե կմտածենք:
Մտահոգվելու բան չունե՞ք: Նրանց չի՞ հաջողվի ձեզ կարգալույծ անել:
Դուք եկեղեցական օրենքները գիտե՞ք, եկեղեցին աշխարհիկ հաստատություն չէ: Ես կարծում եմ, որ դա անպտղաբեր գործ է: Կներեք, ձագուկ ջան, ես Փելեշյանի միջոցառմանն եմ գնում, եկեք դադարեցնենք այս զրույցը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից սկսած, ամեն օր` առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 21:00-ն, Հյուսիսային պողոտա- Թումանյան խաչմերուկում անց է կացվելու ստորագրահավաք` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված պահանջով: Ստորագրահավաքի նախաձեռնողն է «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը` ԵՊՀ շրջանավարտ Հովհաննես Ղահրամանյանի գլխավորությամբ: Կոչի տակ արդեն կա 2500-ից ավելի ստորագրություն` հավաքված հուլիսի սկզբից:
«Նավասարդ Կճոյան հոգեւորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց եւ ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր Բենթլիով կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբեւէ Կճոյանից հոգեւոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնությունը պահպանած եկեղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակությունը:
Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ, բացի օֆշորային սկանդալից, իր մաֆիոզի դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը: Իր պահվածքով Կճոյանը խայտառակում է մեր ազգը, եւ, եթե Կաթողիկոսը որեւէ կերպ չարձագանքի Կճոյանին կարգալույծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը եւս նույն մաֆիայի մաս է կազմում` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Հրավիրում ենք Հայ եկեղեցու ճակատագրով բոլոր մտահոգ մարդկանց վաղվանից սկսած մասնակցելու ստորագրահավաքին»,-ասված է միության հայտարարության մեջ:
Ինգա Մարտինյան



























