Հուլիսի 12-ից սկսած, ամեն օր` առավոտյան ժամը 10:00-ից  մինչեւ 21:00-ն, Հյուսիսային պողոտա- Թումանյան խաչմերուկում անց է կացվելու ստորագրահավաք` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված պահանջով:  Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունից:

Ստորագրահավաքի նախաձեռնողն է «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը` ԵՊՀ շրջանավարտ Հովհաննես Ղահրամանյանի գլխավորությամբ: Կոչի տակ արդեն կա 2500-ից ավելի ստորագրություն` հավաքված հուլիսի սկզբից:

«Նավասարդ Կճոյան հոգեւորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց եւ ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր Բենթլիով կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբեւէ Կճոյանից հոգեւոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնությունը պահպանած եկեղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակությունը:

Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ, բացի օֆշորային սկանդալից, իր մաֆիոզի դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն  ուղղված հարցերը: Իր պահվածքով Կճոյանը խայտառակում է մեր ազգը, եւ, եթե Կաթողիկոսը որեւէ կերպ չարձագանքի Կճոյանին կարգալույծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը եւս նույն մաֆիայի մաս է կազմում` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Հրավիրում ենք Հայ եկեղեցու ճակատագրով բոլոր մտահոգ մարդկանց վաղվանից սկսած մասնակցելու ստորագրահավաքին»,-ասված է միության հայտարարության մեջ: