Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլ կտա վաճառել «Ջրասահք» ընկերության բաժնետոմսերի 50%-ը: Հարցը ներառված է Հանձնաժողովի հուլիսի 17-ի նիստի օրակարգում:
«Ջրասահք» ընկերությունը շահագործում է Գեղարքունիքի մարզում Վարդենիկ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ը: Ընկերության բաժնեմասերի 100 %-ի սեփականատեր Պարույր Հակոբյանը բաժնեմասերի 50%-ը կվաճառի Արմեն եւ Պարթեւ Հակոբյաններին եւ Դավիթ Դավթյանին:
Նշենք, որ Պարույր Հակոբյանը ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի որդին է, «Արփա-Սեւան» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն, վարչության նախագահ: Գնորդները` Արմեն եւ Պարթեւ Հակոբյանները, ըստ երեւույթին, պատգամավորի եղբայրներն են: Նրանցից Արմեն Հակոբյանը «Արփա-Սեւանի» տնօրենի (այսինքն` նույն Պարույր Հակոբյանի) տեղակալն է:
Ինքը` պատգամավոր Հակոբ Հակոբյանը, «Արփա-Սեւան» ընկերության հիմնական բաժնետերն է (նրան է պատկանում բաժնետոմսերի 55%-ը): Նշենք, որ «Արփա-Սեւանը» Հայաստանի խոշորագույն շինարարական կազմակերպություններից է:
Նշենք նաեւ, որ Հակոբյանները համատեղ տնօրինում են նաեւ այլ ընկերություններ` «Դիլիջանի առողջարան», «Բազենք», «Մեղմ Զեփյուռ»:





























