Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 16-ին, կայացել է Կարեն Եսայանի  սպանության գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ միջադեպ է արձանագրվել: Իր շքախմբով դատարան` ցուցմունք տալու էր եկել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա նշեց, որ Վարդան Ղուկասյանը նախ հրահանգեց նիստին ներկա բոլոր լրագրողներին հանել դահլիճից, իսկ դատավորը նրանց հանեց: Երբ փաստաբանները առարկեցին, թե ինչ իրավունք ունեք նման ձեւ վարվել, նախկին քաղաքապետը «ընդառաջեց»` թե «լավ, թող գան նկարեն», այդպես լրագրողներին թույլ տվեցին ներկա լինել նիստին:

«Վարդան Ղուկասյանը արհամարհական էր պահում իրեն, վիրավորական արտահայտություն էր թույլ տալիս մեր հասցեին, հարցաքննության կեսից շուռ եկավ եւ դուրս եկավ դատարանի դահլիճից` վիրավորելով մեզ: Դատարանից դուրս գալուց նրանցից մեկը հարվածել է Հարություն Սարգսյանի հոր` Սամվել Սարգսյանի ոտքին, մենք տեսանք կոշիկի փոշու հետքերը: Սամվել Սարգսյանը դատարանից «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց, այժմ Վերակենդանացման բաժանմունքում է, սրտի հետ խնդիրներ ունի»,- հայտնեց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը նշեց, որ իրենք միջնորդություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանին կանչել դատարան եւ շարունակել հարցաքննությունը; Միջնորդել են նաեւ որ դատարանը հաղորդում ներկայացնի  հանցագործության մասին, սակայն վերջինս ոչինչ չի ձեռնարկել, եւ Լուսինե Սահակյանը ինքն է  հաղորդում ներկայացրել Շիրակի մարզի դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցեն ՔՕ-ի  343-րդ հոդվածի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Այս գործով կալանավորված է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝Հարություն Սարգսյանը

Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը: