Վրաստանի նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացողների թիվը, որոնք ԿԸՀ են ներկայացրել իրենց փաստաթղթերը, հասել է 9-ի: Այս մասին հաղորդում է Վրաստանի ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը:

Վերջին 4 օրերին իրենց թեկնածուներին են առաջադրել երկու քաղաքական ուժեր՝ Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը (առաջնորդ՝ Գեորգի Թարգամաձեն) եւ «Հանուն արդար Վրաստանի» կուսակցությունը (Սերգո Ջավախիձե), ինչպես նաեւ երկու նախաձեռնող խմբեր առաջադրել են Գեորգի Չիխլաձեի եւ Մերաբ Գորգաձեի թեկնածությունները, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Ավելի վաղ Վրաստանի ԿԸՀ էին ներկայացրել Շալվա Նաթելաշվիլիի (Լեյբորիստական կուսակցություն), Միխայիլ Սալուաշվիլիի (նախաձեռնող խումբ), Տարիել Խվեդելիձեի (նախաձեռնող խումբ), Գեորգի Գախոկիայի (նախաձեռնող խումբ), Մամուկա Չոխոնելիձեի (նախաձեռնող խումբ), Նիկոլոզ Գորգիջինաձեի (նախաձեռնող խումբ) եւ «Հանուն խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ԵՄ-վրաց-աբխազ-օսական միջազգային շարժման» նախագահ Նեստան Քիրթաձեի թեկնածությունները: Սակայն ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել Տարիել Խվեդելիձեի եւ Գեորգի Գախոկիայի թեկնածությունները:

Նախագահի պաշտոնի համար մտադիր են պայքարել նաեւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին (իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից), խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, Քրիստոնեա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գեորգի Թարգամաձեն, ինչպես նաեւ նախկին իշխող կուսակցության («Միասնական ազգային շարժում») թեկնածուն, որը կորոշվի հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին՝ փրայմերիզների արդյունքում: Վերջիններս դեռ չեն դիմել ԿԸՀ:
Վրաստանի նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցումը կսկսվի սեպտեմբերի 7-ից եւ կավարտվի սեպտեմբերի 27-ին: Գրանցվելու համար թեկնածուն պետք է հավաքի ավելի քան 26 530 ստորագրություն (ընտրողների ընդհանուր թվի առնվազն 0,75 տոկոս): Ստորագրությունները ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն է:

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին: Այդ երկրում ընտրողների թիվը, ըստ ԿԸՀ-ի, կազմում է 3 537 249: