Ֆրանսիայի էքս Ան Պրովանսի Սիանս Պո Էքս (Science Po Aix) համալսարանի ռեկտոր Քրիստիան Դյուվալը կարեւոր է համարում Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում Սիանս Պո համալսարանի մասնաճյուղի բացումը: Այս մասին նա նշել է այսօր՝ հուլիսի 16-ին, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն եւս Սիանս Պո համալսարանի շրջանավարտ է:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ կստորագրվի ակադեմիայի բազայի վրա Ֆրանսիայի Սիանս Պո համալսարանի մասնաճյուղի բացման վերաբերյալ համաձայնագիր, ինչի մասին ՀՀ սփյուռքի նախարարության օժանդակությամբ 2012թ հունիսին կողմերը ստորագրել են նախնական համագործակցության հուշագիր:

Հրանուշ Հակոբյանն առաջարկել է ակադեմիայում գիտական հետազոտություններ կազմակերպել նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերի ուսումնասիրման ուղղությամբ: Նախարարը կարեւորել է նաեւ Ֆրանսիայում հայկական Սփյուռքի ուսումնասիրումը եւ վերոնշյալ թեմաներով աշխատությունների հրատարակումը:

Համագործակցության արդյունքում նախատեսվում է կազմակերպել համատեղ ուսումնական ծրագրեր, իրականացնել հետազոտական աշխատանքներ, ինչպես նաեւ ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագրեր:

Սիանս Պոյի մասնաճյուղի շրջանավարտներին կտրվեն ֆրանսիական նմուշի դիպլոմներ:

ՀՀ սփյուռքի նախարարության  եւ Մարսելի 13 եւ 14 թաղերի  թաղապետ  Գարո  Հովսեփյանի օժանդակությամբ հունիսին  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  երկու ուսանող իրենց ուսումնական պրակտիկան անցկացրել են նշված թաղապետարանում, որտեղ նրանք հնարավորություն  են ունեցել ուսումնասիրել տեղական կառավարման փորձը, ինչպես նաեւ ծանոթանալ կառավարման ֆրանսիական մոդելին:

Նշենք, որ Սիանս Պո համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը: