Առաջիկայում 250-300 հայ երիտասարդների կհրավիրվեն Հունաստանի Սալոնիկ քաղաք՝ մասնակցելու տարբեր միջոցառումների, փոխադարձ կապեր հաստատելու իրենց հասակակիցների հետ: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 16-ին, Երեւանում, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Հունաստանի Սալոնիկի քաղաքապետ Յաննիս Բուտարիսի հանդիպման ժամանակ:

Քաղաքապետը Հայաստան է ժամանել Սալոնիկի քույր քաղաք Գյումրիի հետ առավել սերտ շփումներ եւ ակտիվ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշել է. «Ուրախ եմ, որ Ձեր ծրագրերում շեշտը դնում եք երիտասարդության վրա, նրանք մեծ ուժ են եւ մեր ապագան: Մեր ժողովուրդների բարեկամությունն ունի հազարամյակների պատմություն, եւ մենք պետք է մեր առջեւ ծառացած մարտահրավերները համատեղ ուժերով հաղթահարենք: Մենք ունենք տնտեսական, կրթական, մշակութային, տուրիզմի եւ այլ ոլորտները զարգացնելու հզոր ներուժ»:

Քաղաքապետը իր հերթին նկատել է, որ Սալոնիկի հայ համայնքը կարեւոր տեղ է զբաղեցնում քաղաքի հասարակական կյանքում: «Ձեր հայրենակիցները շատ խելացի ու աշխատասեր մարդիկ են: Այս հարաբերությունները նման բարձր մակարդակի վրա դնելն ու զարգացնելն իմ երազանքներից մեկն է, որը, հուսով եմ, կիրականանա»,-ընդգծել է նա:

Հանդիպման ավարտին նախարարն ու քաղաքապետը հուշանվերներ են փոխանակել: