Ոստիկանությունը պարզել է հունիսի 27-ի ուշ երեկոյան Գյումրիի շենքերից մեկում քաղաքացուն ծեծի ենթարկողի եւ բջջային հեռախոսը գողացողի ինքնությունը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 28-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել Անի թաղամասի 9-րդ փողոցի 7 շենքի մի բնակարանից «գանգուղեղային փակ վնասվածք, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Հ. Խաչատրյանին հիվանդանոց տեղափոխելու մասին:
Հ. Խաչատրյանը գիտակցության գալով հաղորդում է տվել, որ հունիսի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Անի թաղամասի բնակիչ, իր ծանոթ Յանեկը, իր տանը ծեծի է ենթարկել իրեն եւ ձեռքից խլել 60.000 դրամ արժողության բջջային հեռախոսը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Յանեկը նախկինում դատված, 24-ամյա Յանեկ Բ.-ն է, որը բերման է ենթարկվել ոստիկանություն եւ խոստովանել հանցանքը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:





























