Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյաների՝ սպառողական գների ընդհանուր ինդեքսը այս տարվա հունվար-փետրվար ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 108,2 տոկոս: Ընդ որում, գների աճ նկատվել է գրեթե բոլոր ապրանքների եւ վճարովի ծառայությունների դեպքում:

Պարենամթերքն ընդհանուր առմամբ թանկացել է 5,1 տոկոսով, հագուստն ու կոշկեղենը՝ 10, իսկ վճարովի ծառայությունները՝ 10,4 տոկոս: Պարենամթերքի շարքում գների մեծ աճով առանձնանում են մսամթերքը՝ 8,8 տոկոս, ձկնամթերքը՝ 60,3 տոկոս, եւ այլն:

Բացառություն են միայն ձուն եւ ոչ ալկոհոլային խմիչքները, որոնց գները նվազել են համապատասխանաբար 12,3 եւ 0,1 տոկոսով: Գրեթե 1/3-ով (34,8 տոկոս) աճել է շաքարավազի գինը, որը, ինչպես հայտնի է, ներկրվում է գործնականում մեկ ընկերության կողմից: Ի բարեբախտություն վնասակար սովորույթների սիրահարների՝ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գները կտրուկ չեն աճել՝ ընդամենը 1,6 տոկոսով:

Նման գնաճը ոչ թե ժամանակահատվածի առանձնահատկությունն է, այլ անցած տարվա բացասական միտումների տրամաբանական հետեւանքը, քանի որ փետրվարին, հունվարի համեմատ, գներն աճել են ոչ այդքան զգալի՝ 2 տոկոսով:

Հարկ է նշել, որ ապրիլի 1-ից բնական գազի կտրուկ աճը կհանգեցնի շատ ապրանքների եւ ծառայությունների գների թռիչքի: