Հայաստանի Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի բնակչության շրջանում վերջին օրերին արձանագրվել է բրուցելոզի 7 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են, ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ։

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հիվանդության դեպքեր են արձանագրվել նաեւ հարակից համայնքներում` Ջրվեժում, Գառնիում, Կապուտանում` 1-ական, իսկ Զառ համայնքում` 2 դեպք:

Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համապատասխան միջոցառումներ`

• հիվանդների օջախներում կատարվել են համաճարակաբանական հետազոտություններ,

• պարզաբանվել են հնարավոր աղբյուր եւ փոխանցման ուղի հանդիսացող բոլոր գործոնները,

• հիվանդների վաղաժամ հայտնաբերման ուղղությամբ իրականացվել են բակային համայցեր,

• ինչպես հիվանդների, այնպես էլ վերջիններիս տան անդամների նկատմամբ կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ,

• բնակչության շրջանում տարվել է առողջ ապրելակերպի քարոզչություն, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում եւ այլն:

Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտագության պետական ծառայության մասնագետների եւ համայնքների ղեկավարների հետ համագործակցված աշխատանքներ են իրականացվում հիվանդ կենդանիների հայտնաբերման եւ մեկուսացման ուղղությամբ: