«Pharma» ամսագիրը իրավունք ունի ատեստավորվելու ԲՈՀ-ում: Այս մասին հուլիսի 17-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի դեղեր արտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությանը կից Բարձրագույն որակավորման հանձնաժողովը 2012թ դեկտեմբերին ամսագիրը չի ներառել այն պարբերականների ցանցում, որոնց հրապարակումները կարող են համարվել որպես գիտական: ԲՈՀ նախագահի բացատրական նամակում նշվում է մերժման պատճառը. ամսագիրն ունի կիրառական ուղղվածություն եւ պարունակում է գովազդ:

 «Մենք շատ ուրախ ենք, որ ԲՈՀ ղեկավարությունը փոխվել է եւ հուսով ենք, որ այդ կառույցը կբարեփոխվի: Մենք շատ ջանքեր ենք ծախսում, որպեսզի մեր դեղագործները կարողանան հրապարակվել մեր երկրում եւ մեր լեզվով: Մեր պարբերականը միակն է Հայաստանում, որը կենտրոնացած է հենց դեղագործության վրա: Իսկ մեր դեղագործներին ասում են, որ ձեր հրապարակումները չեն համապատասխանում: Երբ մենք ասում ենք, որ Հայաստանում դեղագործական այլ գիտական պարբերական չկա, մեզ պատասխանում են, որ այն կարող է տպագրվել արտերկրում»,-ընդգծել է Զաքարյանը:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, նա ասել է, որ ամսագրի մեջբերման ինդեքսը , հատկապես Հայաստանի մյուս ճյուղային պարբերականների համեմատ, առայժմ հնարավոր չէ հաշվարկել, քանի որ ամսագիրը ԲՈՀ-ում լիազորագրված չէ: «Սակայն կարող եմ ասել, որ մեր խմբագրական կոլեգիան մեծամասամբ բաղկացած է բժիշկներից, որոնց մի մասը ԳԱԱ եւ ԲԳՌԱ ակադեմիկոսներ են: Ինչ վերաբերում է ամսագրի բովանդակությանը, ապա ԲՈՀ կանոնակարգում չի նշվում, որ գիտական ամսագրերում չպետք է լինեն պոպուլյար բովանդակությամբ հոդվածներ եւ գովազդային նյութեր: Աշխարհում նման ձեւաչափ գոյություն ունի»,-եզրափակել է Զաքարյանը: