Ադրբեջանցի երիտասարդ երեք ակտիվիստներին 15 օրով վարչական կալանքի ենթարկելը քաղաքական ենթատեքստ ունի, այն հաջորդել է վերջին ամիսներին Ադրբեջանում ընդդիմության այլ ակտիվիստների ձերբակալություններին: ARTİCLE 19 իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է ակտիվիստների հետապնդումները, ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
«Ազատ արտահայտվելու իրենց իրավունքն իրացնելու համար ակտիվիստների ձերբակալությունը ցույց է տալիս ընտրությունների նախօրեին մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի լիակատար բացակայությունը», - ասել է Անիես Կալամարը` ARTİCLE 19-ի գործադիր տնօրենը: «Այդ ձերբակալությունները բացասական են ազդեում ոչ միայն ազատ արտահայտվելու, այլեւ ժողովրդավարական զարգացման վրա ընդհանուր առմամբ», - հավելել է նա:
Երիտասարդական կազմակերպության անդամներ Ուլվի Հասանլին, Մեջիդ Մարջանլին եւ Քենան Հասիմլին ձերբակալվել էին հուլիսի 14-ին Բաքվում: Հաջորդ օրը բոլոր երեքն էլ դատապարտվել էին 15 օրով` ոստիկանությանը դիմադրելու համար: Սակայն իրական պատճառը Բաքվի մետրոպոլիտենի պատերին «Մի վախեցեք կառավարությունից: Բողոքեք կառավարության դեմ եւ փոխեք այն» գրությամբ թերթիկները փակցնելն է եղել:
ARTİCLE 19 –ը կարծում է, որ իշխանությունների վերջին խստությունները կապված են հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Ամենից հաճախ իշխանությունները բլոգերներին եւ լրագրողներին, ինչպես նաեւ ընդդիմության ակտիվիստներին մեղադրում են թմրանյութեր պահելու եւ խուլիգանության մեջ: Որպես կանոն` այդ մարդիկ ակտիվ բացահայտում են կոռուպցիան կառավարությունում եւ պետական այլ մարմիններում:





























