Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչությունը «Էլիտ Շանթ» ընկերությունում արտահերթ ստուգումներ է իրականացրել ընկերության տնօրենի խնդրանքով: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էլիտ Շանթ» ընկերության տնօրեն Վալերի Սարիկյանը: «Հերթական ստուգումը պետք է լիներ հուլիսի 28-ին, բայց ես նամակով դիմեցի սննդի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանին, որ ավելի շուտ գան, որ թերությունները վերացնենք»,- ասաց Վ. Սարիկյանը: Նրա խոսքով` նման ստուգումները սովորական բան են, ու իրականում ոչ մի արտառոց բան չի եղել: Ընկերությունն ունի 300 արտադրանք, որից միայն երեքում են խախտում հայտնաբերել` աղիքային ցուպիկի նորմայից գերազանցում («Օսկար մինի» պաղպաղակ, «Էկլեր» եւ «Զեֆիր» հրուշակեղեն):
Վ. Սարիկյանի խոսքով` աղիքային ցուպիկ ամեն տեղ էլ կա, այն մշտապես ուղեկցում է մարդուն, նորմայի աննշան գերազանցումներն առանձնապես վտանգավոր լինել չեն կարող: Առավել եւս` խոսքը ոչ էական խախտումների մասին է: Նորմայով` 1 լիտր ջրում պետք է լինի առավելագույնը 3 աղիքային ցուպիկ, գտել են 5-ը կամ 6-ը: Բոլոր դեպքերում` ընկերությունում համապատասխան արտադրամասերում կրկին սանիտարական մաքրում եւ ախտահարում են իրականացրել, որից հետո նոր նմուշներ են ուղարկել փորձաքննության:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունն արգելել է «Էլիտ Շանթ» ընկերության պաղպաղակի եւ կոնֆետների որոշ տեսակների արտադրությունը:





























