Հայաստանի Վճռաբեկ դատարանն առանց որեւէ պատճառաբանության վերադարձրել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի բողոքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանը:

Նա նշեց, որ իրենք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ Հայաստանի վարչական դատարանը հրաժարվել էր Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցն ընդունել, որում նա  խնդրում էր չեղյալ համարել 2012թ. ապրիլի 6-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարած խիստ նկատողությունը: Իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը ամբողջությամբ մերժել էր Ս. Զոլյանի հայցը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 6-ին ԵՊԼՀ -ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝  խիստ նկատողության տեսքով: Նկատողության պատճառը եղել է այն, որ  Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի` իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ի պատասխան Զոլյանը դիմել է դատարան: Առաջին նկատողությանը ապրիլի 17-ին հետեւել է երկրորդը, այնուհետեւ նախարարի հրամանը` Բրյուսովի անվան  ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:Այդ կապակցությամբ ապրիլի 18-ին ԵՊԼՀ-ի ուսանողները  Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության շենքի  մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:Նույն օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր ԵՊԼՀ-ի ուսանողներին եւ կրթության եւ գիտության նախարարի հետ հստակեցումներ կատարել Զոլյանի հեռացման կապակցությամբ: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը գործել է օրենքի շրջանակում, եւ որ այդ հարցը կփորձեն վերածել քաղաքական շահարկումների առարկայի:

Այս դեպքերից հետո ԿԳՆ մրցույթ էրր հայտարարել  Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար եւ հունիսի 12-ին կայացած մրցույթում ռեկտոր էր ընտրվել Գայանե Գասպարյանը: