Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար Ք.Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` գրավատան գործունեությամբ զբաղվող «Կրեդիտ Լայն» ՍՊ ընկերության տնօրեն Ք.Պետրոսյանը, ով փաստացի իրականացրել է նաեւ տարադրամի փոխանակման գործունեություն, 2010թ. հուլիսից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ, թվով 5 քաղաքացիների վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Մասնավորապես` Ք.Պետրոսյանը, հաջողակ գործարարի տպավորություն ստեղծելով, արտարժույթ վերցնելու, շահավետ փոխարժեքով փոխանակելու եւ արագ վերադարձնելու, ներդրված գումարների հաշվին իբր մատչելի գնով ոսկյա զարդեր ու ադամանդե քարեր գնելու եւ վաճառելու, դրանից գերշահույթ ստանալու եւ հնարավոր ներդրողներին բաժնեմաս հատկացնելու, իբր խոշոր դրամական շրջանառություն ունեցող եւ շահույթ ակնկալող վարկային կազմակերպություն հիմնադրելու, այդ կազմակերպության բաժնետեր դարձնելու պատրվակներով, առավել խոշոր չափերի գումարներ ստանալու եղանակով չարաշահելով վերոնշյալ 5 քաղաքացիների վստահությունը, նրանցից ստացել եւ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 1 535 100 ԱՄՆ դոլար, 30 000 եվրո եւ 6 880 000 ՀՀ դրամ գումար:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. հուլիսի 4-ի դատավճռով` Ք.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման` 5 տարի 6 ամիս ժամկետով: