Հայաստանում ականների վտանգը հաստատված է ՄԱԿ-ի կողմից, իսկ հումանիտար ականազերծման ոլորտում ՀՀ ՊՆ-ն համագործակցում է ոլորտի ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունների եւ դոնորների հետ: Այս մասին ասված է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում՝ ի պատասխան ադրբեջանական կողմի մեղադրանքների:

Այսպես, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի Ազգային ականազերծման կենտրոնի (ԱՆԱՄԱ) տնօրեն Նազիմ Իսմաիլովը հավաստիացրել էր, թե իբր դոնոր երկրները հրաժարվել են Հայաստանի պաշտպանության նախարարությունում Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին ֆինանսավորելուց:

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ «Իսմաիլովի «հեղինակավոր» կարծիքը, առավել եւս` գնահատականները ոչ այլ ինչ են, քան խղճուկ փորձ` հումանիտար ականազերծման բնագավառի միջազգային կազմակերպությունների մոտ վերականգնելու ԱՆԱՄԱ-ի խարխլված վարկանիշը: Ի գիտություն Իսմաիլովի՝ Հայաստանում 2011թվականի փետրվարից գործում է Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնը, որն ակտիվ համագործակցում է միջազգային կազմակերպությունների, դոնորների եւ օտարերկրյա տարբեր պետական կառույցների հետ: